Կարծիքներ

Խ. Հարությունյան. «Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է, օր օրի կազդուրվող հանրային օրգանիզմ»

2 րոպեի ընթերցում

Խ. Հարությունյան. «Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է, օր օրի կազդուրվող հանրային օրգանիզմ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության տարիներին Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, 20 տարիները եղել են խռովահույզ, կորուստներով, սխալներով, ինչպես նաեւ սայթաքումներով, բայց մի բան ակնհայտ է' պատմության մեջ այն արձանագրվելու է որպես խոշոր ձեռքբերման շրջան: Նրա խոսքով' ըստ էության, հայ ժողովուրդը զրոյից ստեղծել է անկախ պետություն' իրեն բնորոշ բոլոր ինստիտուտներով' սահմանադրություն, բանակ եւ այլն:

«Արդյո՞ք մենք կարող էինք զերծ մնալ թերություններից, բացթողումներից, սխալներից, իհարկե ոչ: Տոտալիտար համակարգից դեպի ազատական, ժողովրդական համակարգի անցման փորձ մարդկությունը չուներ: Մենք էլ նման փորձ չունեինք, իսկ դա նշանակում է, որ սխալվելը, սայթաքելը շատ օբյեկտիվ էր»,-ասաց Խ. Հարությունյանը:

Նրա խոսքով' անցած ուղին, ձեռքբերումն այնպիսին է, որ ժողովրդավարությունից հետդարձ այլեւս հնարավոր չէ: «Համաձայնե'ք, որ ժողովրդավարությունը, որքան էլ այսօր մեր հասարակության մեջ խոցելի է, միեւնույն է' մեր բաղադրիչն է դարձել»,-ավելացրեց Խ. Հարությունյանը:

ՀՔԴԿ նախագահը նշեց, որ չնայած բացթողումներին, անկասկած ձեռքբերումներով պետք է առաջ գնալ: Ըստ նրա' նույնիսկ 20 տարի հետո, եթե Հայաստանն ունենա ամենահաջողված համակարգը, միեւնույն է կլինեն թերություններ, բացթողումներ, որոնց մասին մարդիկ պարտավոր են խոսել:

«Այսօր Հայաստանը միջազգային հանրության լիարժեք անդամ է եւ բավականին լուրջ հեղինակություն ունեցող պետություն: Տարածաշրջանային քաղաքականության մեջ չեն կարող շրջանցել Հայաստանը, սա արդեն իրողություն է»,-ասաց Խ. Հարությունյանը' ավելացնելով, որ մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է, օր օրի կազդուրվող հանրային օրգանիզմ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում