«ՌեԱնիմանիա»-ն մեկնարկում է
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» 3-րդ միջազգային անիմացիոն փառատոնը կմեկնարկի այսօր, «Մոսկվա» կինոթատրոնում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն մրցութային եւ հատուկ ծրագրեր, պրեմիերաներ, սեմինարներ, ցուցահանդեսներ:
Երեք տարի առաջ հիմնադրված «ՌեԱնիմանիա»-ն իր հաստատուն քայլերով առաջ է ընթանում' ընդլայնելով ոչ միայն հնարավորությունները, այլեւ աշխարհագրությունը: Այս տարի «ՌեԱնիմանիա»-ին մասնակցում են 40 երկրներ, այս տարի ավելացել է նաեւ Թայվանը: Այն կարեւոր տեղ է գրավում անիմացիոն եւ Մշակույթի նախարարության աջակցությունը ստացող փառատոների շրջանակներում: «ՌեԱնիմանիա»-ն շարունակական փառատոն է լինելու, քանի որ հասցրել է իր տեղը գտնել մշակութային կյանքում' հավակնելով դառնալ լավագույնը տարածաշրջանում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը' թե՛ իր եւ թե՛ Մշակույթի նախարարի անունից շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով փառատոնի հիմնադրին եւ բոլոր աջակիցներին:
«ՌեԱնիմանիա» փառատոնը, հավատարիմ մնալով իր միջազգայնացման սկզբունքներին, առաջին օրվանից իր կողքին է ներգրավել ոչ միայն տեղական, այլեւ միջազգային գործընկերների, ինչպիսիք են' Ֆրանսիայի Անեսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ԱՄՆ-ի Էքզոդուս ստուդիոն եւ այլ միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ ու անհատներ:
«Շնորհակալ եմ փառատոնի բոլոր գործընկերներին եւ աջակիցներին' առանց որոնց փառատոնը չէր կայանա այս տարի: Քանի որ Հայաստանի անկախության քսանամյակն է, փառատոնը կրելու է «20 -ամյա անկախ անիմացիա» խորագիրը»,- նշեց «ՌԵԱնիմանիա» -ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
Բացման արարողության ժամանակ կցուցադրվեն 5 ֆիլմեր, իսկ 6-րդը հատուկ ընտրված ֆիլմ է, որն անակնկալ կլինի հանդիսատեսի համար:
«Դեռեւս հայտնի մուլտիպլիկատոր Յուրի Նոշտեյնն է ասել, որ մուլտիպլիկացիայի բոլոր հնարավորությունները դեռեւս բացահայտված չեն: Շատ ուրախ ենք համագործակցել «ՌեԱնիմանիա»- հետ' օգտագործելով մեր «Ոսկե ծիրան»-ի եւ այլ միջազգային փառատոներից ստացած փորձը»,- ասաց
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:
Փառատոնի կազմակերպիչների խոսքերով' «ՌեԱնիմանիա»-ն հրաշալի առիթ է մուլտիպլիկացիայի'բոլորին հասկանալի լեզվով խոսելու եւ որակյալ անիմացիոն արվեստին հաղորդակից դառնալու համար: