Դ. Ջամալյան. «Պետք է կոտրել բռի, կոպիտ սպայի կերպարը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական զինված ուժերում բռի, կոպիտ սպայի կերպարը պետք է կոտրել եւ նոր մոդելի սպա ձեւավորել: Մեզանում դեռեւս կա այն կարծրատիպը, որ ուժեղ, արդյունավետ աշխատող սպան չի կարող լինել մեղմ: Հայաստանի պաշտպանության նախարարության գործողություններն ուղղված են այս համակարգային փոփոխությանը: Իհարկե, սա է այն հիմնական խնդիրը, որն էլ հանգեցնում է ողբերգական դեպքերի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան դեպքին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին զինծառայողը զորամասից անգիտակից տարվել է հոսպիտալ, որտեղ եւ մահացել է: Աղասի Աբրահամյանի մարմնի վրա դատաբժշկական հետաքննությունն արտաքին ներգործության հետքեր է հայտնաբերել: Գործի առնչությամբ ձերբակալվել է 3 սպա եւ մեկ շարքային զինծառայող:

Դ. Ջամալյանի խոսքով' ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության առաջնահերթություններից մեկն այսօր նոր որակի սպա ձեւավորելուն, բռի սպայի կերպարը կոտրելուն է ուղղված: «Մենք բողոքի, ցասումի, արձանագրված դեպքի բացահայտման պահանջ ունենք, որն առկա է նաեւ հանրության մեջ: Մեր բոլորի ցանկությունն ու պահանջը մեկն է' ունենալ այնպիսի բանակ, ուր նման կերպարի կրող սպա այլեւս չի լինի: Այդ ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է: Համակարգային, բարոյահոգեբանական կերպարի փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր»,- նկատեց ռազմական փորձագետը: Նրա խոսքով' վերջին դեպքն

արատավորել է պարկեշտ սպայի կերպարը, «սակայն դեպքն արձանագրված նույն զորամասում կան բազմաթիվ պարկեշտ եւ հայրենասեր սպաներ»:

Ըստ նրա' վերջին ողբերգական դեպքը հարված էր բոլորիս համար: «Ոչինչ չէր կարող նման բացասական ազդեցություն ունենալ մեզ վրա, որքան այդ մի քանի ստահակ սպաների ոճրագործությունը: Այս առումով հանրային պահանջը' արդարացի դատավարություն անկացնելու խնդրում, ճիշտ է: Բոլորս վճռական ենք այս խնդրում, քանի որ այդ մի քանի անձանց պատժելու հարցը լուծելու է անվտանգության խնդիր: Այս առումով շատ դրական եմ համարում Աղասի Աբրահամյանի մահվան գործին առնչվող հասարակական վերաբերմունքը, ակտիվ արձագանքը: Հասարակությունը լսելի է դարձնում իր ձայնը, պահանջատերի կարգավիճակով է հանդես գալիս: Սա շատ կարեւոր է' նման միջադեպերը կանխելու առումով»,- նշեց Դ. Ջամալյանը:

Նա ընդգծեց, որ չկա անջրպետ ՀՀ պաշտպանության նախարարի եւ հասարակության միջեւ: «Մենք պետք է միասնական լինենք, հասարակության առողջ եւ ակտիվ ներուժը պետք է այս պահին պաշտպանության նախարարի կողքին լինի, քանի որ համակարգային փոփոխությունների, որոշումների ի կատար ածումը հեշտ չէ»,- ասաց փորձագետը:

Վերջինս կոչ արեց նաեւ հասարակությանն իր որակավորումներում լինել զգույշ, որպեսզի այս դեպքի նկատմամբ հանրային դժգոհության վեկտորը չտարածվի ամբողջ բանակի, ԶՈւ-ի ողջ սպայակազմի կերպարի վրա: «Չպետք է այս ողբերգության ֆոնին մեր անզգույժ արտահայտություններով ստվերենք պարկեշտ հայ սպայի կերպարը»,- ասաց ռազմական փորձագետը:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ