Ռ. Սաֆրաստյան. «Քիչ հավանական է, որ Թուրքիան անգամ մեկ կամ երկու հուշարձան վերադարձնի»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված ակտը, որը ենթադրում է Թուրքիայի տարածքում կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին պատկանող մշակութային արժեքների վերադարձն իրենց տերերին, Թուրքիայում ընդունվեց որպես միջամտություն իր ներքաղաքական կյանքին, եւ շատ քիչ հավանական է, որ այն կյանքի կոչվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ եթե նույն այս փոփոխություններն ընդունվեին նաեւ Կոնգրեսի կողմից, քիչ հավանական է, որ Թուքիան ընդառաջ կգնա պահանջին ու կկատարի այն:
«Թուրքիայի վարչակազմում ոչ ոք չի ցանկանում զանգվածաբար հետ վերադարձնել պատմական հուշարձանները: Նրանք հասկանում են, որ այդ կերպ ընդունելու են, որ այդ հատվածն ամբողջությամբ պատկանել է ոչ թե իրենց' թուրքերին, այլ ուրիշ ազգի ու մշակույթի կրողներին, ինչպես, օրինակ, հայերին: Թուրքիան արդեն ընդունել է կոշտ դիրքորոշում այս կապակցությամբ, եւ չի էլ ակնկալվում, որ թուրքերը կորոշեն մեկ կամ երկու հուշարձան գոնե ձեւականորեն վերադարձնել»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նրա հավաստմամբ' ներկայիս թուրքական կառավարությանը նման բանաձեւերը չեն, որ պետք է ստիպեն փոխելու իրենց դարավոր մոտեցումն այլ ազգերի ներկայացուցիչների ու նրանց մշակութային արժեքների նկատմամբ: