Պաշտոնական

Ս. Սարգսյան. «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունը»

11 րոպեի ընթերցում

Ս. Սարգսյան. «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունը»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 23-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ եւ պատասխանել վերջիններիս հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տնից եմ՝ Մոսկվայից: Սովորում եմ Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու եմ ատոմակայանների մասնագետ: Իմ երազանքն է` վերադառնալ Հայաստան եւ աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ եւ լավ աշխատել ու լավ ապրել:

-Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան»,»Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, եւ կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան եւ այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ:

-Ես Իրանից եմ` Նոր Ջուղայից: Հարգելի՛ պարոն Նախագահ, այս օլիմպիադան հրաշալի պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի ներկայանանք այստեղ, ավելի մոտենանք Հայաստանին, կապ հաստատվի մեր եւ Հայաստանի միջեւ, սիրենք ու ճանաչենք, գտնենք նոր ընկերներ, սովորենք ու մրցենք, բայց, ցավոք, այս մրցույթը` օլիմպիադան, երկու տարին մեկ է կազմակերպվում: Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի:

- Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո:

-Մեծարգո՛ պարոն Սարգսյան, ես եկել եմ Ջավախքից, անունս Հովսեփ է: Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը, եւ մեր այս հրաշալի օլիմպիադան նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Դուք ինքներդ մասնակից եք եղել Հայաստանի զարգացմանը եւ բարգավաճմանը: Ըստ Ձեզ` Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ կորուստը ո՞րն է:

- Կորուստների, սխալների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր փորձում են պատասխանատվության սեփական բաժինն իրենց ուսերից ուրիշի ուսերին բարդել: Այնպես որ, ճիշտ չէ, որ մենք խոսենք կորուստներից, սխալներից, այլ ավելի ճիշտ է դասերից խոսենք: Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել եւ անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաեւ Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել: Եվ այդ ամենագլխավոր դասը մեր ժողովուրդն արտահայտել է իր մեծ բանաստեղծի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարեւոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք` զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս եւ լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում:

- Պարո՛ն Նախագահ, ես Սիրիայից եմ՝ Հալեպից, ճեմարանի աշակերտ եմ: Մենք` որպես դրսում ապրող երիտասարդներ, չենք մոռացել մեր հայրենիքը, մեր արմատները, մեր Հայաստանը, ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:

-Լավ հայ լինել եւ հորդորել ձեր բարեկամներին, հարեւաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին, երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր եւ եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, եւ այդ մասունքը բոլորինս է:

-Իմ անունը Աննա է, ես Մոսկվայից եմ: Ուզում եմ Ձեզ մի փոքր ռոմանտիկ հարց տալ: Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում մենք շատ գրողների հետ ենք ծանոթացել, եւ գիտենք, որ Դուք ավարտել եք բանասիրական ֆակուլտետը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է Ձեր ամենասիրելի բանաստեղծը եւ Դուք ի՞նչ կարող եք կարդալ:

- Ես սիրում եմ Նարեկացի, Քուչակ, Չարենց, սիրում եմ Սեւակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար:

-Վանաձորի N5 ավագ դպրոցից եմ: Մեծարգո՛ Նախագահ, հարցս հետեւյալն է՝ ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը, եւ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար:

-Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, եւ նրա գլխավոր նպատակներից մեկն այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, եւ եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են եւ, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:

-Ես Անի Խուդաբաշյանն եմ՝ Թեհրանից: Ուղղակի մի խնդրանք ունեմ՝ ես այսօր հպարտ եմ, որ մեր երկրում գրականության եւ մեր լեզվի պահպանման այսպիսի մրցույթներ գոյություն ունեն: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք` ի շնորհիվ մեր լեզվի եւ մեր կրոնի: Եվ ես երազում եմ, որ օրերից մի օր հոգեւոր նույնատիպ ձեռնարկներ ու օլիմպիադաներ գոյություն ունենան մեր երկրում: Ձեզնից ուղղակի այդ եմ խնդրում, որ հովանավորեք եւ նախագծեք հոգեւորական օլիմպիադաներ մեր երկրում, որպեսզի 21-րդ դարում, երբ չարի ծուղակներն անընդհատ տարածվում են, դրա դեմ մեր հավատով կանգուն մնանք ու հպարտանանք, որ հայ ենք:

- Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, եւ կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ առաջարկություն է: Մենք քո առաջարկությունն անպայման կքննարկենք: Ես ուզում եմ տեղյակ պահել քեզ եւ քո ընկերներին, ընկերուհիներին, որ մենք խիստ հետաքրքրված ենք մեր եկեղեցու հարատևությամբ, մեր հավատքի անաղարտությամբ եւ, իհարկե, նրա պատմությամբ: Սեպտեմբերի 21-ի նախօրյակին մենք կբացենք Մատենադարանի նոր շենքը, որտեղ ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաեւ` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը: Այդ գրականությունն ուսումնասիրման կարոտ ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, եւ մենք գնալով այս խնդիրները դարձնելու ենք ավելի առօրեական:

-Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը եւ ժամանակի ընթացքում եղել է նաեւ աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սեւանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:

- Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որը, այո՛, փյունիկի պես միշտ հառնում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում