Ա. Ղազարյան. «Փակ սահմանները չպետք է խոչընդոտեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փակ սահմանները չպետք է խոչընդոտեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Այս մասին այսօր Երեւանում կազմակերպված հայ եւ թուրք գործարարների հանդիպման ժամանակ հայտարարեց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը: Նրա խոսքով' երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգի արդյունքում' քաղաքական ուժերը կարող են որոշում կայացնել սահմանը բացելու վերաբերյալ: Ըստ նրա' երկկողմ հարաբերությունների զարգացման համար համագործակցություն կարող է լինել զբոսաշրջության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթեւ արդյունաբերության, շինարարության, կահույքագործության, ոսկերչության եւ առեւտրի ոլորտներում:
«Համագործակցության լավագույն մոդելը համատեղ ձեռնարկությունների ստեղծումն է, սակայն այս պահին գիտակցում ենք, որ այս հանդիպման ընթացքում այդքան շատ համատեղ ձեռնարկություններ չենք կարող ստեղծել»,- ընդգծեց Ա.Ղազարյանը: Ըստ նրա' ներկայում ներմուծումը Թուրքիայից Հայաստան մի քանի անգամ ավելի է, քան արտահանումը Թուրքիա: Եթե Թուրքիայից ներմուծումը կազմում է 250 մլն դոլար, ապա արտահանումը' 160-170 հազար դոլար: Այսինքն' մեծ անհավասարակշռություն կա, ուստի, Ա. Ղազարյանի կարծիքով, պետք է փորձել վերացնել դա:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրենը նշեց նաեւ, որ գործարար հանդիպման ընթացքում կփորձեն բացահայտել, թե ինչ պոտենցիալ կա Հայաստանում, ինչ ուղիներով կարող է համագործակցությունն ընթանալ: