Գ. Մինասյան. «Կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունը կարեւորագույն մշակույթ է ձեւավորում Հայաստանում»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունը կարեւորագույն մշակույթ է ձեւավորում Հայաստանում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, եթե կամքը շատ ավելի մեծ լինի, ապա կողմերի ներուժը կարող է կիրառվել ի նպաստ ժողովրդի, պետության:
«Սա չափազանց բարդ խնդիր է: Ետխորհրդային երկրում այդ մշակույթը ձեւավորված չէ. դա արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսի լուրջ խնդիր ենք ուզում լուծել»,- ասաց Գ. Մինասյանը: Նրա խոսքով' բոլոր արեւմտյան երկրներում այդ մոտեցումը արմատավորված է: Այնտեղ հնարավոր է ականտես լինել այնպիսի իրավիճակի, երբ ծայրահեղ հակադիր դիրքորոշում ունեցող ուժերը հանդիպում են նույնիսկ այն դեպքում, երբ գաղափարներով մեկ միլիմետր անգամ մոտենալ չի ենթադրվում: Ըստ Գ. Մինասյանի' նրանք չեն դիտարկում առճակատումը, քանդող, կործանող մոտեցումը: Եղած ներուժը փորձում են կիրառել ի շահ պետության:
«Սա բարդագույն մի խնդիր է: Մենք լիահույս ենք, որ բարի կամքի դրսեւորմամբ նոր ինստիտուտը կյանքի կկոչվի»,-ասաց Գ. Մինասյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկու քաղաքական ուժերն էլ շատ լավ հասկանում են' չեն կարող լինել արտահերթ ընտրություններ: Ըստ նրա' դա տրամաբանությունից դուրս է:
«Եթե մենք խոսում ենք հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու մասին, ինչո՞ւ են երկուսով երկխոսում, ինչո՞ւ են օտարել մյուս ուժերին, ինչո՞ւ է ՀԱԿ-ը իր վարքագծով ցեխ շպրտում բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք փորձում են իր կարծիքից տարբերվող կարծիք ասել»,-ավելացրեց Ա. Մինասյանը:
Պատգամավորը նկատեց, որ կոալիցիոն ուժերը բավականին ակտիվորեն համագործակցում են խորհրդարանական ուժերի հետ: Նման երկխոսության իրականացման նպատականերից է նաեւ այն, որ ձեւավորվի նոր հարթակ արտախորհրդարանական ուժերի համար: