Դ.Բաբայան. «Ի.Ալիեւի հայտարարությունն Ադրբեջանի սադրիչ գործողությունների շարունակությունն է»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի.Ալիեւի հայտարարությունն Ադրբեջանի սադրիչ գործողությունների շարունակությունն է: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած այն հայտարարությանը, թե բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու կամ Հայաստանին միանալու հարցը' «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Էլ ինչի՞ մասին մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ»,- հռետորական հարց ուղղեց Դ.Բաբայանը:
Նրա կարծիքով'արցախյան հիմնախնդիրն ունի երկու հիմնական հարց' կարգավիճակի եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին առնչվող խնդիրներ: «Մնացած բոլոր խնդիրներն ածանցյալ են այդ հարցերից: Սակայն երբ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ հարցերը չեն քննարկվել, ստացվում է մի տարօրինակ իրավիճակ: Ի՞նչ պետք է քննարկենք, միգուցե այն, որ մտնենք Ադրբեջանի կա՞զմ: Դա ոչ միայն աբսուրդ է, այլ ողորմելի սուտ»,- շեշտեց Դ.Բաբայանը: