Ս. Ավետիքյան. «Հայոց ցեղասպանության թեման պետք է շատ արծարծվի երիտասարդ ռեժիսորների ֆիլմերում»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության թեման պետք է շատ արծարծվի երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերում. միայն դրա միջոցով հնարավոր կլինի մշակութային երկխոսություն ձեւավորել:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոռեժիսորը, ուրախալի է այն հանգամանքը, որ այսօր իրենց սեփական ֆիլմերում Հայոց ցեղասպանության թեման բարձրացնում են հայ եւ թուրք ռեժիսորների երիտասարդ սերունդները: «Չարժի հույսը դնել ավագ սերնդի վրա», - նկատեց Ս. Ավետիքյանը' նշելով, որ մասնավորապես ինքը ֆիլմերում միայն Հայոց ցեղասպանության թեման բարձրացնելու խնդիր չի դնում իր առջեւ: «Ես ուղղակի նկարահանում եմ այնպիսի ֆիլմեր, որոնք պատկերում են իրականությունը' անկախ պատմական որեւէ իրադարձությունից»,- ասաց նա:
Ս. Ավետիքյանը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է հայ եւ թուրք ռեժիսորները համագործակցությունը: «Փառատոնի շրջանակներում գոյություն ունեցող հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել համագործակցություն հաստատել հայ եւ թուրք կինոգործիչների միջեւ»,- նշեց նա' հավելելով, որ տարբերություն չկա, թե որտեղ կհամագործակցեն ռեժիսորները' Հայաստանում, Թուրքիայում, թե սահմանին: