Կարծիքներ

Ս. Մինասյան. «ԼՂ խնդրի արագ լուծման դեղատոմս չկա»

2 րոպեի ընթերցում

Ս. Մինասյան. «ԼՂ խնդրի արագ լուծման դեղատոմս չկա»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում եւ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ ԼՂ խնդրի արագ լուծման դեղատոմս չկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծքի հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը' փաստելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներն արդեն երկրորդ տասնամյակն է' փորձում են լուծել խնդիրը կամ գոնե պահպանել հրադադարի ռեժիմը: Նրա խոսքով' եթե առաջիկայում ԼՂ կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրվեր, դա կնշանակեր' գերտերությունները դրանով ցանկանում են խուսափել հակամարտությունը սրելուց, կամ էլ այդ նոր փաստաթղթով կսկսվեր բանակցությունների նոր փուլ, որը կրկին կտեւեր տասնամյակներ: Քաղաքագետի համոզմամբ' ԼՂ խնդրի կարգավորմանը հասնելն այս պահին բարդ է, քանի որ կողմերի տեսակետները խիստ տարբեր են:

«Նույնիսկ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, թե ով էր մեղավոր Կազանի հանդիպման ձախողման մեջ, եւ հիմա չեն էլ արդարանում, թե ինչու դա եղավ»,- ասաց Ս. Մինասյանը' նկատելով, որ ՌԴ նախագահի համար այս հանդիպումները դարձել են «անձնական գործ», եւ նման ձախողումն ազդում է հենց նրա հեղինակության վրա: ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երեւան եւ Բաքու բերված ՌԴ նախագահի առաջարկների մասին խոսելով' Ս. Մինասյանը չբացառեց, որ Ռուսաստանը կփորձի Կազանում եղած առաջարկները մի քիչ մոդիֆիկացնել, բայց բովանդակությունը կմնա նույնը' անպայման կլինի հանրաքվեի կամ կարգավիճակը սահմանող կետ, ինչից էլ դժգոհում է Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա քաղաքագետն ասաց, որ հենց Ադրբեջանը նստի բանակցությունների Ղարաբաղի հետ, դա կնշանակի, որ Ադրբեջանն առնվազն ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ որեւէ միջանցքի գոյության մտքին հաշտվել է: «Իմ կարծիքով' ԼՂ-ն մոտ ապագայում չի մասնակցի բանակցություններին»- նշեց Ս. Մինասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում