Հանկարծամահ է եղել ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կ. Բաբուրյանը
5 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կյանքի 58-րդ տարում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Զարմայրի Բաբուրյանը: Կ. Զ. Բաբուրյանը ծնվել է 1954 թվականին Ստեփանակերտ քաղաքում: 1971 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, իսկ 1980-ին' Բաքվի Կիրովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1980-91թթ. աշխատել է ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Մարզային խորհրդի գործադիր կոմիտեում' որպես հրահանգիչ, նախագահի օգնական, կազմհրահանգչային բաժնի վարիչ: 1992 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պետական շինարարության, իրավունքի եւ օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ:
1993-96 թթ. զբաղեցրել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, այնուհետեւ' նախագահի պաշտոնը: 1997 թվականին նշանակվել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար: 1997 թվականի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականը աշխատել է ԼՂՀ նախագահի աշխատակազմում' որպես իրավաբանական բաժնի վարիչ, այնուհետեւ' որպես ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ:
2001 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: 2006-2007 թթ. եղել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2008 թվականի մայիսից զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը:
ԼՂՀ առաջին երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր էր:
Կարեն Բաբուրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շահերը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանում, ղեկավարել է ԼՂՀ պատվիրակությունը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ: ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում բազմիցս մասնակցել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներին: 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ստորագրել է Բիշքեկի արձանագրությունը: Պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԼՂՀ շքանշանով:
Կարեն Բաբուրյանի անունը անխզելիորեն կապված է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման ու կայացման գործընթացի հետ: Լինելով բարձրակարգ իրավաբան' նա գործուն մասնակցություն է ունեցել միջազգային իրավունքի գործող նորմերին համապատասխան ԼՂՀ կազմավորման' իրավական տեսանկյունից անթերի ձեւակերպման մեջ:
Ինչ պետական պաշտոնում էլ գտնվել է Կ.Զ.Բաբուրյանը, նա միշտ դրսեւորել է իրեն որպես իսկական հայրենասեր, փորձառու պետական եւ քաղաքական գործիչ, ում համար ամեն ինչից բարձր են եղել իր ժողովրդի եւ երկրի շահերը: Կարեն Բաբուրյանը մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելել ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս: Կարեն Բաբուրյանի' մարդու, քաղաքացու եւ պետական գործչի պայծառ կերպարը միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանի ընտանիքին' նրա մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով տեղեկացա մեր երկրի արժանավոր զավակ, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ' հատուկ հանձնարարությունների գծով Կարեն Զարմայրի Բաբուրյանի մահվան մասին: Կարեն Բաբուրյանը ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր եւ շոշափելի ներդրում ունի Արցախյան անկախ պետականության կերտման գործում: Մեր հանրապետության պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածներից մեկում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, այդ թվում' ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, նա արժանվույնս դրսեւորեց իրեն որպես հմուտ հասարակական եւ քաղաքական գործիչ:
Հայրենիքը բարձր գնահատեց Կարեն Բաբուրյանի վաստակը' պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ հոգու կորով: Կարեն Բաբուրյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»: