Կարծիքներ

Ս. Լավրով. «ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխության մասին խոսակցություններն անարդյունավետ են»

2 րոպեի ընթերցում

Ս. Լավրով. «ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխության մասին խոսակցություններն անարդյունավետ են»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմ կարծում, որ ներկայիս վճռական փուլում միջնորդության ձեւաչափի փոփոխության մասին խոսակցություններն արդյունավետ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը' ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում: Ս. Լավրովի խոսքով' նման խոսակցությունները պատրանք են ստեղծում, թե միջնորդության ձեւաչափի փոփոխությունը կբերի հակամարտության բովանդակության փոփոխության, սակայն, ըստ նրա, դրանք միայն շեղում են ուշադրությունը հակամարտության էությունից: «Դա վերաբերում է նաեւ այլ իրավիճակներին, ինչպես օրինակ, քիչ չեն խոսակցությունները մերձդնեստրյան հակամարտության կարգավորման միջնորդական ձեւաչափի փոփոխության մասին»,- ասել է Ս. Լավրովը' հավելելով, որ կարեւորը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքական կամքի առկայությունն է, ինչը ճանաչվում է հակամարտության կողմերի կողմից:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով' Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից նշանակված համանախագահները աշխույժ կերպով եւ ամեն օր աշխատում են խնդիրների լուծման ուղղությամբ' ոչ միայն բուն հակամարտության կարգավորման, այլեւ կողմերի միջեւ վստահության կառուցման եւ շփման գծում անվտանգության ապահովման: «Համանախագահները պարբերաբար այցելում են Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ: Նրանք արդեն ունեն խնդրի շատ լավ ընկալում»,- շեշտել է Ս.Լավրովը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում