Ն. Բորդյուժա. «ԼՂ հարցի շուրջ շարունակվում են դրականին միտված բանակցություններ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է' դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին այսօր ՀԱՊԿ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համակարգող խորհրդի 10-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքին' Ադրբեջանի կողմից սեփական ռազմատենչ սպառնալիքներն իրականացնելու դեպքում, Ն.Բորդյուժան կրկին հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: «Հաշվի առնելով հարցի նրբությունը' լրացուցիչ մեկնաբանությունները անարդյունավետ եմ համարում»,- նշեց Ն.Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով շարունակվում են լուրջ, բարդ, միեւնույն ժամանակ դրականին միտված բանակցությունները, ուստի սխալ է այժմ բարձրագոչ հայտարարություններ անելը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր. «Բնականաբար, մենք ունենք մեր դաշնակցային պարտավորությունները: ՀԱՊԿ անդամներից մեկը Հայաստանն է, իսկ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր դաշնակցային պարտավորություններին»: