Կարծիքներ

Գ. Իսագուլյան. «Առանց ԼՂՀ-ի մասնակցության` ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կրելու են խորհրդակցական բնույթ»

3 րոպեի ընթերցում

Գ. Իսագուլյան. «Առանց ԼՂՀ-ի մասնակցության` ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կրելու են խորհրդակցական բնույթ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես հակամարտության լիարժեք կողմ չի մասնակցում բանակցություններին' Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում կրելու է խորհրդակցական բնույթ: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովում հանրապետության նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը' ավելացնելով, որ նախագահների հանդիպումնեը լիարժեք բանակցային բնույթ կկրեն միայն ԼՂՀ-ի' բանակցություններին լիարժեք կողմ ներկայանալու պարագայում: «Հայաստանը ԼՂՀ-ի կողքին է ամեն պարագայում, սակայն նրա փոխարեն գործել չի կարող»,- ընդգծեց Գ. Իսգուլյանը:

Նրա համոզմամբ' հունիսի 24-ի կազանյան հանդիպմանը Հայաստանի նախագահը ներկայացել է ամուր դիրքերի վրա եւ հստակ ընդգծել, որ որեւէ միակողմանի զիջման հայկական կողմը երբեք չի գնալու: «Այսօր միակողմանի զիջումների գնալը հնարավոր չէ, քանի որ ցանկացած զիջման պարագայում Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը, շարունակում իր սպառազինման տենչը»,- նկատեց Գ. Իսագուլյանը' նշելով, որ բանակցությունների արդյունքում նախ պետք է որոշվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը, որից հետո միայն կարելի կլինի խոսել մնացած այլ խնդիրների շուրջ: «Բացառվում է Ադրբեջանի նպատակի իրականացումը' ռազմավարական հարցերի լուծման պարագայում Հայաստանին ստիպել զիջումների գնալ ԼՂ խնդրի շուրջ»,- ընդգծեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով' եթե 1994 թվականի զինադադարից հետո ԼՂ խնդրի շուրջ քաղաքական լուծում չի գտնվել, նշանակում է, որ հակամարտության կողմերը չեն գտել այն, որը կբավարեր նրանց: «Լեռնային Ղարաբաղը կովկասյան տարածաշրջանի լիարժեք մասնիկն է, եւ այստեղ որեւէ խնդիր առանց ԼՂ-ի դերակատարության հնարավոր չէ պատկերացնել: Սա պետք է գիտակցեն բոլորը»,- ասաց Գ. Իսագուլյանը:

Ըստ նրա' առաջիկա երկու տարիների ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ ավելի պասիվ գործընթաց կծավալվի, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներում' ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, նախընտրական գործընթացներ են ծավալվելու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում