Դ. Ջամալյան. «Մեր առավելությունը հիմնվում է այսօրվա ճակատային գծի կոնֆիգուրացիայի վրա»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմական բյուջեի մի ստվար հատված ծախսվելու է նավատորմը պահելու վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը' անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ադրբեջանի ռազմական բյուջեի գերազանցությունը նրա համար առավելություն է ապահովում:
«Երբ խոսում ենք ռազմական բյուջեի մասին, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը նավատորմի ծախսեր էլ է հոգում, Կասպյան ավազանում ունի շատ լուրջ շահերի բախում Իրանի, Թուրքմենստանի հետ եւ իր տնտեսական շահերն այնտեղ պաշտպանելու համար պետք է այնտեղ պահի նաեւ հզոր նավատորմ»,-շեշտեց Դ. Ջամալյանը' հավելելով, դա շատ ծախսատար է եւ մեծ միջոցներ է պահանջում: Փորձագետի խոսքով' մենք պետք է օբյեկտիվ ներկայացնենք իրականությունը: «Այն, ինչ մնում է նավատորմի ծախսերից հետո, ըստ էության, չի կարող շեշտակի ռազմական գերազանցություն ապահովել մեր նկատմամբ: Մեր առավելությունը հիմնվում է այսօրվա ճակատային գծի կոնֆիգուրացիայի վրա: Արցախի Հանրապետությունը' իր 12 հազար քառակուսի կիլոմետրով, մեզ տալիս է շատ մեծ ռազմավարական առավելություն եւ ակտիվ պաշտպանության մեծ հնարավորություն»,- նշեց Դ.Ջամալյանը' ավելացնելով, որ հեռնակարում, եթե հանկարծ Ադրբջանը դիմի «ռազմական ավանտյուրայի, մենք ունակ ենք օգտագործել մեր տարածքների ընձեռած ռազմավարական առավելությունը»' շատ հաջող հակահարձակում կազմակերպելու առումով:
«Կարծում եմ, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են' հնարավոր պատերազմը, ինչի մասին հաճախ խոսում են, շատ մեծ պոտենցիալ ռիսկեր է պարունակում առաջին հերթին իրենց համար: Մենք միշտ ընտրել ենք ասիմետրիկ պատասխանի ռազմավարությունը, ինչը թույլ կտա ուժերի հավասարակշռությունն էլ պատշաճ մակարդակի վրա պահել»,- շեշտեց փորձագետը: