Ըստ Վ. Կարապետյանի` Կազանում փաստաթուղթ չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, դրա վկայությունն այն է, որ միջնորդներն իսկապես շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների փաստաթղթի ստորագրմանը, նաեւ այն, որ կողմերից մեկը' ի դեմս Հայաստանի, բազմիցս հավանությունէ տվել այդ փաստաթղթին: Այդ մասին հայտարարել է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկություններով հանդես չգա, ապա հնարավոր է Կազանում արձանագրել առաջընթաց:
«Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ իրենց պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. այս մասին վկայում է նաեւ այն, որ նրանք պատրաստվում են առաջիկայում այցելել տարածաշրջան»,-ասաց Վ. Կարապետյանը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանը հիասթափություն ապրի եւ հրաժարվի ակտիվ գործունեություն ծավալել այս գործընթացում' տեղը զիջելով Արեւմուտքին, բանախոսը պատասխանեց, որ դա անհավանական է: Խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին' Վ. Կարապետյանը նշեց, որ բոլորի համար ակնհայտ է' փաստաթուղթը չի ստորագրվել հենց Ադրբեջանի պատճառով. այս մասին հայտարարեց նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, այնուհետեւ դա պարզ դարձավ Ադրբեջանի արձագանքից: