Ֆրանսիական հնագիտական արշավախումբը դասախոսություն կկարդա «Էրեբունի» թանգարանում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը hունիսի 28-29-ը դասախոսություններ կկարդա' նվիրված Ֆրանսիայում հնագիտական ժառանգության ուսումնասիրության, պահպանության, հանրահռչակման արդի խնդիրներին եւ մոտեցումներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիական արշավախմբի պատվիրակության ղեկավար, Բրետոնի հնագիտական ծառայության անդամ Ստեֆան Դեշամպը, երկու օրվա ընթացքում «Էրեբունի» թանգարանում ներկայացվելու է երեք դասախոսություն' կանխարգելիչ հնագիտության մասին Եվրոպայում եւ Ֆրանսիայում, հնագիտական ժառանգության վերականգնման, պահպանության վերաբերյալ, ինչպես նաեւ ժամանակագրության, թվագրման խնդիրներին նվիրված:
«Դասախոսությունները ճանաչողական եւ ուսուցողական բնույթի են, նախատեսված թեմայով հետաքրքրվող բոլոր անձնանց համար: Հուսանք, որ դրանք կլինեն արդյունավետ ու հետաքրքրությունը մեծ կլինի դրանց հանդեպ»,- նշեց Ս. Դեշամպը:
Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացված պեղումներին' Ս. Դեշամպը նշեց, որ իրականացված աշխատանքները շատ արդյունավետ են եղել, իսկ համատեղ պեղումները հայ հնեաբանների հետ, հնարավորություն է տվել կատարել նոր բացահայտումներ' «Էրեբունու» ուրարտական, հետուրարտական ու աքեմենյան շրջաների վերաբերյալ: