Կարծիքներ

Ա. Դավթյան.«ՀՀ նախագահն ամուր դիրքերից է ներկայանում Կազանում կայանալիք հանդիպմանը»

2 րոպեի ընթերցում

Ա. Դավթյան.«ՀՀ նախագահն ամուր դիրքերից է ներկայանում Կազանում կայանալիք հանդիպմանը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ավելի քան ամուր դիրքերից է ներկայանում հունիսի 24-ին Կազանում կայանալիք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանն ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը: Վերջիններս համակարծիք են, որ դրան նաեւ նպաստել է Հայաստանում ստեղծված «նորմալ ներքաղաքական իրավիճակը»:

Ա. Դավթյանի խոսքով' ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների' ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահների դովիլյան վերջին հայտարարության մեջ կարեւոր 2 շեշտադրումներ են եղել: Առաջինը, ըստ նրա, այն էր, որ հայտարարության մեջ նշվել է ԼՂ հակամարտության կողմեր տերմինը, ինչը, պատգամավորի կարծիքով, նշանակում է, որ համանախագահող երկրներն Արցախը եւս դիտարկում են հակամարտության լիարժեք կողմ, ինչն Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է: «Փաստորեն հայտարարությամբ նշվեց նաեւ, որ խնդրի կարգավորման խաղաղ լուծման այլընտրանք չկա, ինչպես նաեւ հատուկ ընդգծվեց, որ կողմերն իրենց ժողովուրդներին պատրաստեն միայն խաղաղության: Սա ուղերձ էր պաշտոնական Բաքվին, որը ռազմատենչ հռետորաբանություն է որդեգրել»,- նկատեց Ա. Դավթյանը:

Նրա կարծիքով' կազանյան հանդիպման արդյունավետությունը կախված է Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումից: ՀՀԿ պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ հայկական կողմը վաղուց արդեն ձեւակերպել է մեզ համար ընդունելի հակամարտության լուծումը. ԼՂ-ի ինքնորոշման այլընտրանք գոյություն չունի, ամբողջովին պետք է ապահովվի Արցախի անվտանգությունը եւ ԼՂՀ-ն Հայաստանի հետ ունենա ցամաքային ուղիղ սահման:

ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի խոսքով' նախագահների յուրաքանչյուր հանդիպում արդեն իսկ ողջունելի է եւ առաջընթաց, «ինչի շնորհիվ պահպանվում է խաղաղությունը' չնայած սահմանների շփման գծում որոշ գործողություններին»: «Կազանյան հանդիպումն Ադրբեջանին խորհելու տեղ կտա սեփական հանրության աչքերը բացելու եւ նրան խաղաղության պատրաստելու հարցում»,- շեշտեց Ա. Դավթյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում