Կարծիքներ

Ա. Գոչունյան. «Կարող է մի հանգրվան լինել, որ բոլորովին նոր պայմաններում ՀՀ-ն եւ Թուրքիան սկսեն հարաբերությունների կառուցումը»

2 րոպեի ընթերցում

Ա. Գոչունյան. «Կարող է մի հանգրվան լինել, որ բոլորովին նոր պայմաններում ՀՀ-ն եւ Թուրքիան սկսեն հարաբերությունների կառուցումը»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հնարավորությունը երկու երկրների ներքաղաքական գործընթացներով պայմանավորված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը' անդրադառնալով այն կարծիքին, թե Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցում առաջընթաց կարձանագրվի:

«Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման ազդեցությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակում մեծ է, հատկապես' ուժերի հավասարակշռությունների վրա կարող է Էապես անդրադառնալ: Այս առումով երկու երկրները մեծ չափով հաշվի են առնում միջազգային գործընկերների նկատմամբ ունեցած պատասխանատվությունները: Հարաբերությունների կարգավորումը երկրների ներքաղաքական գործընթացներից նվազագույն կախվածություն ունի»,- ասաց ստամբուլահայ գործիչը:

Արա Գոչունյանը մոտ ապագայում մեծ տեղաշարժեր չի ակնկալում երկու հարեւան պետություների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման գործում, քանի որ, նրա կարծիքով, «այն երկարատեւ գործընթաց է»: «Կարող է մի հանգրվան լինել, որ բոլորովին նոր պայմաններում, նոր իրադրություններում կողմերը սկսեն հարաբերությունների կառուցումը: Ոչինչ չի բացառվում, բայց հարաբերությունների կարգավորումը ժամկետների մեջ տեղավորելը դժվար է: Այս հարցում հոռետես չեմ, բայց կոնկրետ արդյունքների եւ հեռանկարների մասին այսօր խոսելը դժվար է»,- ասաց Արա Գոչունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում