Տ.Սարգսյան. «Արտահանման խթանումը դեռեւս առաջնային նպատակ է մեզ համար»

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հարցազրույցը CNN-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: Հարցազրույցն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությանն ու ձեռնարկված քայլերին վերաբերող հարցին ՀՀ վարչապետը պատասխանում Է.

-Առաջինն, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա' տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների եւ բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք' շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով' մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը եւ հաղթահարել ճգնաժամի հետեւանքները:

-2000թ.-ին ձեր արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է: Այս պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում բարձրացնել արդյունաբերական հիմքը:

-Դժբախտաբար, մեր առեւտրային հաշվեկշիռը դեռեւս նշանակալիորեն բացասական է: Արտահանման խթանումը դեռեւս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է' հանքարդյունաբերություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն եւ զբոսաշրջություն:

-Ձեր տնտեսության ո՞ր տոկոսն են կազմում սփյուռքից կատարված ներդրումները: Ձեր երկրից դուրս մոտավորապես այնքան մարդ ունե՞ք, որքան ձեր երկրում:

-Իհարկե, մեր տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաեւ մասնավոր դրամային փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետեւանքները:

-Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:

-Հայակական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, եւ մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաեւ, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:

-Կարո՞ղ եք ասել նույնը նաեւ Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:

-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները մեր հարեւան Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:

-Թուրքիան 80մլն սպառող եւ մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում' հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ քսանյակի» անդամ է:

-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետեւի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարեւանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին եւ այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարեւան երկրի հետ:

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են