Գ. Մելիքյան. «Պատվիրակությունների մակարդակով երկխոսությունն ընդունելի չէ»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվիրակությունների մակարդակով իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն ընդունելի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը' հավելելով, որ այդ տարբերակն ավելի բնորոշ է միջազգային երկխոսություններին: Նրա խոսքով' իշխանություններն ընդունում են ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, սակայն ոչ բանակցող խմբերի մասնակցությամբ: Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս երեք տարի առաջ քաղաքական բոլոր ուժերին երկխոսելու առաջարկ արեց, եւ շատ ավելի ընդունելի է այդ տարբերակը: Գ. Մելիքյանի կարծիքով' կարիք չկա, որ Ս. Սարգսյանն անձամբ անդրադառնա իշխանության կողմից բանակցող խմբի ձեւավորմանը: Ըստ պատգամավորի' այն, որ Հայաստանի իշխանությունն այսօր տարբեր քաղաքական ուժերի հետ երկխոսության ճանապարհով է գնում, բնավ թուլության նշան չէ, եւ պետք չէ իշխանության հետ պարտադրանքի լեզվով խոսել:
Անդրադառնալով ընդդիմության' արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին' Գ. Մելիքյանը նշեց, որ այսօր Հայաստանում դրանց համար ոչ իրավական, ոչ քաղաքական հիմքեր չկան: