Ըստ Դ. Շահնազարյանի` ՄԽ եռանախագահող երկրների համար ԼՂ խնդրի լուծումը կարեւոր է միջազգային գլոբալ անվտանգության տեսակետից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների' ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը հետեւանքն է Ռուսաստանի եւ Արեւմուտքի աննախադեպ գլոբալ համագործակցության, որով վերջիններս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում են միակերպ: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը' ավելացնելով, որ ինքը չի հիշում համանախագահող երկրների միջեւ նման լայնածավալ համագործակցություն' արաբական խնդիրների, իսրայելապաղեստինյան եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծման շուրջ: «ԼՂ հակամարտության լուծման ողջ պատմության ընթացքում երբեւէ չի եղել այնպես, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն ու գործողություններն այսքան սերտ եւ համագործակցված լինեն»,- նկատեց Դ. Շահնազարյանը: Ըստ նրա' դովիլյան հայտարարությունն էապես տարբերվում է համանախագահող երկրների ղեկավարների նախորդ երկու հայտարարություններից, քանի որ սրանով վերջիններս հստակ նշել են, որ արդեն իսկ հասունացել է ժամանակը' համաձայնեցնելու հակամարտության լուծման հիմնարար սկզբունքները, «ընդ որում' Սոչիում մարտի 5-ին համաձայնեցված կետերի շուրջ»:
Դ. Շահնազարյանը չբացառեց այն, որ եթե ոչ Կազանում, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ կսկսվեն աշխատանքները ղարաբաղյան խնդրի լուծման «մեծ պայմանագրի շուրջ»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ գլոբալ անվտանգության խնդիր է, ինչի արդյունքում էլ' եռանախագահները սկսել են խնդրի լուծման լայնածավալ գործողություններ»,- ընդգծեց Դ. Շահնազարյանը: