Հ. Մարգարյան. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքեր չկան»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ոչ քաղաքական, ոչ իրավական որեւէ հիմք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Օրինաց երկիր կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը' հավելելով, որ հերթական խորհրդարանական ընտրությունները «սարերի հետեւում չեն»: Ըստ նրա' արտաքին քաղաքական ներկայիս գործընթացներում Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը պետք է ներքին կայունություն ապահովելու համար: Նրա խոսքով' ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մայիսի 31-ի հանրահավաքի ելույթից կարելի է դատել, որ այդ երկխոսությունը շարունակվելու է, իսկ թե ինչ արդյունքներ կբերի այն, առայժմ դժվար է ասել: «Ես ողջունում են Հայաստանի նախագահի որդեգրած քաղաքականությունը, որով նա ընդդիմությանը երկխոսության առաջարկ արեց դեռեւս մի քանի տարի առաջ»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով' երկխոսություն ծավալելով' իշխանությունն ու ընդդիմությունը գալիս են նրան, որ երկրում բախումնային իրավիճակ չլինի:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի' արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին' պատգամավորը նշեց, որ կասկածանքով է վերաբերում դրան: Ըստ նրա' արտահերթ ընտրություններ պահանջելը կարծես վատ սովորույթ է դարձել:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին' Հ. Մարգարյանը ասաց, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Այս սկզբունքին կողմնակից է ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային հանրությունը»,- ընդգծեց պատգամավորը: Ըստ նրա' հարցի լուծման ճանապարհին երկուստեք ընդունելի փոխզիջումն ավելին արժե, քան անզիջում առճակատումը: «Փառք ու պատիվ այն առաջնորդին, ով Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով կլուծի, որն ընդունելի կլինի Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի համար»,- ասաց պատգամավորը: