Ա. Ռենո. «Եռանախագահների դովիլյան հայտարարությունը երկիմաստություններից զերծ էր»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը բավականին հստակ էր եւ երկիմաստություններից զերծ: Այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն' հավելելով, որ ի լուր աշխարհի կողմերին հայտարարվում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: «Ես համոզված եմ, որ կողմերը հասկացել են ուղերձի կարեւորությունը, եւ այդ ընկալումը կդրսեւորվի Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ»,- ընդգծեց դեսպանը:
Նա հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագիրը հնարավորինս արագ կիրագործվի: «Ես ակնկալում եմ, որ կողմերը արդյունավետորեն կհետեւեն հայտարարության հորդորին: Հույս ունեմ, որ լարվածությունը կթուլանա սահմանի վրա, եւ երկու երկրների միջեւ համագործակցությունը կգա փոխարինելու թշնամանքին»,- շեշտեց Ա. Ռենոն: