Ա. Կարապետյան. «Համաներումը ողջունելի փաստ է»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաներումը կարելի է համարել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստող նախաձեռնություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը' ի պատասխան այն դիտարկումների, որ ՀԱԿ-ը դա համարում է իր հաղթանակը: «Համաներման դրդապատճառներից մեկը նաեւ ընդդիմությանն ընդառաջ գնալը, երկխոսություն հաստատելն ու ազգային համերաշխությանը նպաստելն է, սակայն ոչ հիմնականը»,- ընդգծեց պատգամավորը' հավելելով, որ ընդդիմության ասածի մեջ կա որոշ ռացիոնալ հատիկ:
Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր են, արդյոք, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ' Ռ. Պետրոսյանը նշեց, որ դրանց համար ներկայում երկրում որեւէ հիմք չկա. բոլոր երեւույթները նորմալ հունով են ընթանում:
Ըստ պատգամավորի' իշխանության եւ ընդդիմության առաջիկա բանակցությունները պետք է լինեն խորհրդարանական ընտրություններն արդար ու թափանցիկ անցկացնելու շուրջ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խոսքով' համաներումը միշտ ողջունելի փաստ է: Ըստ նրա' դա նպատակահարմար քայլ էր Հայաստանի իշխանության կողմից ներկա քաղաքական իրավիճակում: