Կարծիքներ

Ըստ Ա. Շաբոյանի` նոր հնարավորությունների ձեռքբերմամբ ՏՄՊՊՀ-ն արագ կարձագանքի ոլորտում առկա խնդիրներին

4 րոպեի ընթերցում

Ըստ Ա. Շաբոյանի` նոր հնարավորությունների ձեռքբերմամբ ՏՄՊՊՀ-ն արագ կարձագանքի ոլորտում առկա խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մրցակցությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններով վերահսկողական նոր հնարավորություններ է ձեռք բերել: Ինչպես այսօր ՏՄՊՊՀ հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, իրականացվել է պատժամիջոցների խստացում, պատասխանատվության միջոցների համապատասխան միջակայքի ներդնում' կապված պատժաչափերից, մեղմացուցիչ եւ ծանրացուցիչ հանգամանքներից: Մինչ օրենսդրական փոփոխությունները, տնտեսվարող սուբյեկտն անբարեխիղճ մրցակցության պարագայում տուգանվում էր 500 հազար դրամի չափով: Ա. Շաբոյանը նշեց, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել հանձնաժողովի կողմից, երբ տնտեսվարող սուբյեկտը գերադասում է վճարել պատժաչափով սահմանված գումարը եւ նորից կրկնել նույն խախտումը:

«Ազգային ժողովի քննարկումների ժամանակ էական փոփոխություն կատարեցինք, հատկապես' գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների առումով: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքում, բացի սահմանված տուգանքից, չհիմնավորված գների բարձրացման հետեւանքով այսուհետ ստացված ամբողջ գերշահույթն ենք բռնագանձելու»,-ասաց Ա. Շաբոյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ օրենսդրական փոփոխությամբ բավականին նոր գործիքներ են ներդրել, որով կուժեղացվի ապացուցողական բազան: Ըստ Ա. Շաբոյանի' լինում են դեպքեր, երբ բավարար ապացույցներ չունենալու պարագայում հանձնաժողովի կայացրած որոշումները նոր դժվարությունների են հանդիպում:

Նա նշեց, որ ուումնասիրել են հանձնաժողովի գործունեության խնդիրները, թերությունները, բացթողումները եւ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Օրենսդրական փոփոխություններով ներդրվել են գերիշխող դիրքի որակական չափանիշեր: Մինչ այդ գործում էին միայն քանակական չափանիշերը: Այսինքն' եթե տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում մեկ երրորդից ավելի է, այդ դեպքում համարվում է գերիշխող դիրք ունեցող:

«Խոշոր տնտեսվարողները, քանակական չափանիշերի մասին շատ լավ իմանալով, հաճախ գործարքի մեջ են մտնում 2 կամ 3 այլ տնտեսվարողների հետ: Վերջիններս ավելի փոքր կշիռ ունեն շուկայում եւ դրանով չեն համարվում գերիշխող դիրք ունեցող: Այդ դեպքում խուսափում են պատասխանատվությունից»,-ասաց Ա. Շաբոյանը: Որակական չափանիշերի էությունը կայանում է նրանում, որ եթե հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում է, որ տնտեսվարողը, անկախ շուկայում քանակական չափանիշից, ազդեցիկ դիրք ունի եւ ազդում է շուկայի, գների վրա, ապա հանձնաժողովը կարող է չարաշահումների բացահայտման դեպքում պատասխանատվության ենթարկել:

Ա. Շաբոյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը վարույթ է ցանկացել իրականացնել, իսկ այդ տնտեսվարող սուբյեկտները գնացել են լուծարման' դադարեցնելով գործունեությունը: Բավականին շատ տնտեսվարողներ են օգտագործել այս պրակտիկան: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, եթե տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթ է իրականացվում, ապա առանց հանձնաժողովի թույլտվության' այն չի կարող լուծարված համարվել:

Օրենսդրական փոփոխություններով նաեւ կանխարգելիչ գործառույթներ են ավելացվել: Ա. Շաբոյանը նշեց, որ նոր հնարավորություններով կարող են ավելի արագ արձագանքել մրցակցության ոլորտում առկա խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում