Թուրքիան փոխում է Քուռ գետի ուղղությունը
1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին մեծ էկոլոգիական աղետ է սպասվում: Թուրքիան ծրագրում է փոխել Քուռ գետի ուղղությունը: Վրաստանի սահմանում Արդահանի նահանգի մոտակայքում սկսված նախագծի ավարտից հետո Քուռ գետի Անատոլիայի լեռներից հավաքած ջրի մեծ մասը Վրաստանով եւ Ադրբեջանով պետք է ոչ թե Կասպից ծով թափվի, այլ՝ Թուրքիայից անմիջապես պետք է հոսի դեպի Սեւ ծով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով թուրքական մամուլին, Լենտ.ազ-ը հայտնել է, որ այդպիսի նախագծի գոյությունը հաստատել է Թուրքիայի միջավայրի եւ անտառների նախարար Վեյսել Էրօղլուն:
«Քուռ գետի ջուրը Թուրքիային է պատկանում: Նրա ուղությունը կարող ենք փոխել ցանկացած կերպ: Արդեն սկսվել է նոր ջրամբարի շինարարությունը եւ այդտեղ Քռից հավաքված ջուրը պետք է բաց թողնվի Չորուխ գետ, որը հոսում է Սեւ ծով», -ասել է նա: Նախարարը նաեւ ընդգծել է, որ փոխելով Քուռ գետի ուղղությունը, Թուրքիան հնարավորություն կստանա ոռոգել ցանքատարածությունները, էլեկտրաէներգիա արտադրել եւ վերացնել հեղեղումները: Ենթադրվում է, որ այդ նախագիծը կարող է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ նոր լարվածության առաջացման պատճառ դառնալ: