Մշակույթ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` Շրջանավարտների օրհնության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` Շրջանավարտների օրհնության օրվա առթիվ

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Շրջանավարտների օրհնության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Սիրելի շրջանավարտներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու տոնական առիթով եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսո Խորանի առջեւ աղոթում ենք առ Աստված, որ հանապազ առաջնորդի եւ շնորհազարդի ձեզ եւ դեպի բարի իրագործում առաջնորդի ազնիվ ու շիտակ ձեր հոգու ձգտումները, հույսերն ու նպատակները: Միշտ եւ ամենուր անբաժան ուղեկից ունեցեք Աստվածսիրությունը, եկեղեցասիրությունն ու հայրենասիրությունը, որոնք կօգնեն ձեզ ճշմարիտն ու արդարն ընտրելու, ձեր կյանքը առատ արդյունքներով արգասավորելու:

Մաղթում ենք ձեզ երջանկություն եւ հաջողություններ` մեր ժողովրդին, մեր Սուրբ եկեղեցուն եւ ազատ իր կյանքը կերտող մեր հայրենիքին բարի ծառայության մեջ: Թող ձեր ձեռքբերումներով, ձեր գործերով զորանան մեր ժողովրդի հույսերը, եւ պայծառանա մեր ապագան: Եվ թող Ամենախնամ Աստծո օրհնաբեր Աջը մշտապես հովանի լինի ձեզ: Շնորհք, սէր եւ աստուածային սրբարար զօրութիւնն Յարուցեալ Տեառն մերոյ եղիցին ընդ ձեզ ամենեսեան. ամէն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում