Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է կինոռեժիսոր, երաժիշտ Է. Կուստուրիցային
2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է սերբ նշանավոր կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային` տիկ. Կուստուրիցայի ու ռոք նվագախմբի երաժիշտների ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ողջունելով նշանավոր արվեստագետի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը ներկայացրել է Հայ եկեղեցին եւ նրա կարեւոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, ազգային-հոգեւոր արժեքների ու ազգային ինքնության պահպանության գործում:
Նորին սրբությունն անդրադարձել է նաեւ եկեղեցու ազգային դիմագծին եւ այն հսկայական ներդրմանը, որ Հայ եկեղեցին ունեցել է հայկական մշակույթի կերտման, զարգացման գործում: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը վերհիշել է իր հանդիպումը հայտնի կինոռեժիսորի հետ այս տարվա հունվարին Մոսկվայում, երբ Նորին սրբությանը եւ Է. Կուստուրիցային Ուղղափառ ժողովուրդների միաբանության միջազգային հիմնադրամի կողմից հանձնվել է Ալեքսի Բ պատրիարքի անվան 2009թ. մրցանակ` հասարակության կյանքում հոգեւոր արժեքների հաստատման ու ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Նշանավոր ռեժիսորը նշել է, որ իր համար հաճելի է լինել Հայաստանում եւ ծանոթանալ մի ժողովրդի հետ, որն իր կրած տառապանքներով նման է սերբ ժողովրդին: Է. Կուստուրիցան անդրադարձել է նաեւ հոգեւոր արժեքների կարեւորությանը` շեշտելով, որ հոգեւոր մեծ ներուժ է տեսնում Հայաստանում: Այնուհետեւ ռեժիսորը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է իր առաջիկա անելիքները:
Հանդիպման ավարտին ողջ նվագախումբն այցելել է Վեհարանի թանգարան` ծանոթանալով հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքներին: