3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր ներկայացրեց էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգը, որի ֆինանսավորման մեծ մասն իրականացրել է Համաշխարհային բանկը: Ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, մարզպետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
Տ. Սարգսյանը կարեւորեց համակարգի ներդրումը պետական հաստատություններում` նշելով, որ այն եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից, եւ պատահական չէ, որ այդ ծրագրի իրականացումը դարձել է ՀՀ կառավարության գործունեության առանցքային թիրախներից մեկը: Համակարգի օգտակարության կարեւոր բաղադրիչներից նա առանձնացրեց փաստաթղթաշրջանառության արդյունքում ժամանակի խնայողությունը եւ ծախսերի նվազեցումը: Վարչապետի համոզմամբ, այսուհետ պետական մարմինների աշխատակիցների`աշխատանքը ճիշտ ժամանակին չկատարելու վերաբերյալ բոլոր պատճառաբանությունները հնարավոր կլինի ստուգել էլեկտրոնային համակարգի շնորհիվ:
Դ. Սարգսյանի խոսքով, համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման մարմինների աշխատանքին հաղորդել նոր որակ: «Այն բարձրացնում է պետական կառավարման արդյունավետությունը, ապահովում է թափանցիկության բարձր մակարդակ: Իսկ ինտերնետի միջոցով պետական ծառայությունների մատուցումը նվազագույնի կհասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը` էապես կրճատելով կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Դ. Սարգսյանը:
Ըստ նրա` պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը կապահովի շոշափելի արդյունք` փաստաթղթերի շրջանառության ժամկետը կնվազի 20 տոկոսով, կպահպանվի փաստաթղթաշրջանառության պատմությունը, որը հնարավություն կտա հսկողություն սահմանել հանձնարարականների, նամակների, դիմումների քննարկման ժամկետների վերաբերյալ: Ամենակարեւոր առավելությունը նա համարեց այն, որ քաղաքացիները, դիմելով պետական մարմիններ, հնարավորություն կստանան իրենց դիմումների ընթացքին հետեւել կառավարության ինտերնետային կայքի միջոցով:
Նշենք, որ ներկայում էլեկտրոնային կառավարման այս համակարգը 44 պետական կառավարման մարմիններից ներդրվել է 25-ում: Առաջիկա մեկ ամսում եւս 5 մարմիններում կավարտվեն աշխատանքները, իսկ մնացած հաստատություններում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կավարտվեն 2011թ-ին: