ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի: Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ: Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան` տեղանքին եւ կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով: