Հաագայի տրիբունալն սկսել Է Կարաջիչի նկատմամբ դատավարությունը
1 րոպեի ընթերցում
ՀԱԱԳԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը չի ներկայացել Նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական տրիբունալի դատարանի դահլիճ, որտեղ այսօր սկսվել Է նրա նկատմամբ դատական պրոցեսը: Այսպիսով Կարաջիչը կատարել Է դատական նիստը բոյկոտելու իր մտադրությունը, ինչի մասին անցյալ շաբաթ նա պաշտոնապես ծանուցել Էր Հաագայի տրիբունալին: Նախագահող դատավոր Օ Գոն Քվոնը հաղորդել Է, որ ի պատասխան Կարաջիչի՝ հոկտեմբերի 21-ի ծանուցման Հաագայի տրիբունալի դատական պալատը նրան հղել Է նամակ, որտեղ խնդրել Է փոխել իր որոշումը: Օ Գոն Քվոնը հիշեցրել Է, որ տրիբունալի ստատուտը բոլոր մեղադրյաներին երաշխավորում Է դատավարությանը ներկա գտնվելու եւ իրեն պաշտպանելու իրավունք: Նրա խոսքով, նամակում Կարաջիչը նախազգուշացվել Է իր որոշման հնարավոր հետեւանքների մասին: