ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցը շարունակությունն է երկու երկրների միջեւ ծավալված ինտենսիվ քաղաքական երկխոսության եւ նպատակ ունի խորացնելու արտաքին գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ուղղություններով ծավալվող համագործակցությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, սա Լավրովի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, որի ընթացքում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ընթացիկ օրակարգին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակութային համագործակցության ուղղությունները: Անդրադարձ կկատարվի միջազգային կառույցներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ ԱՊՀ գործունեության եւ ԱՊՀ մարմինների բարեփոխման հարցերին: Քննարկումների ժամանակ առանձին ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ստեղծման եւ համագործակցության հաստատման խնդիրներին: Կքննարկվեն նաեւ 2005թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան կատարելիք առաջիկա այցին առնչվող հարցեր: