Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը ստեղծվել է ՀՀ վարչապետի հունիսի 21-ի որոշմամբ՝ ելնելով ՀՀ տնտեսական ռազմավարության եւ քաղաքականության համակարգման անհրաժեշտությունից: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, նիստում հաստատվել է խորհրդի կանոնակարգը: Այն սահմանում է խորհրդակցական այդ մարմնի աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգը: Խորհրդի հիմնական նպատակը, ըստ կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային առաջարկություններ ներկայացնելը, աջակցություն սատանալը եւ նշված ծրագրի իրագործման գործընթացն առաջնորդելն ու համակարգելն է: Իր աշխատանքների կազմակերպման համար, խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, ձեւավորում է աշխատանքային խմբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների եւ հասարակական միավորումների ներկայացուցիչներից: Խորհրդի քարտուղարությունը ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն է: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներե ծրագրի շրջանակներում ներկայացվելիք հայաստանյան առաջարկությունների ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են նաեւ կազմակերպչական եւ այլ հարցեր:

Հայերեն