Ըստ ԼՂՀ-ի արտգործնախարարության, ադրբեջանական կողմի դիրքորոշումը խիստ կտրված է իրողություններից
3 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «2004 թվականի օգոստոսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: ԼՂՀ-ի ղեկավարությունը բոլոր մակարդակների իշխանության մարմինների ընտրության ժողովրդավարական ընթացակարգը կարեւոր քայլերից մեկն է համարում ազատ քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին: Մենք ելնում ենք այն ըմբռնումից, որ միայն օրինականորեն ընտրված իշխանություններն են օժտված անհրաժեշտ լիազորություններով եւ պատասխանատվություն են կրում իրենց վստահված տարածքում ապրող մարդկանց ճակատագրի համար: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ վերջերս տարածված հայտարարության մեջ պնդվում է, որ ընտրությունները չեն կարող համարվել օրինական, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին եւ Ադրբեջանի ազգային օրենսդրությանը, անցկացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության մասնակցության: ԼՂՀ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունը ադրբեջանական կողմի դիրքորոշումը գնահատում է որպես այսօրվա իրողություններից խիստ կտրված: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ նա ահա 16 տարի անկախ է ապրում Ադրբեջանից, ոչ մի առնչություն չունի նրա օրենսդրության հետ եւ, հետեւաբար, դրա վկայակոչումը բացարձակապես անհիմն է: Տրամաբանությանը հակասում է այն փաստը, որ մի կողմից պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղը համարում է չվերահսկվող տարածք, մյուս կողմից՝ դատապարտում է այստեղ իշխանության եւ կառավարման օրինական մարմինների ձեւավորման բուն փաստը: Քննադատության չեն դիմանում նաեւ այն վկայակոչումները, թե ընտրություններին չի մասնակցում ԼՂՀ-ի ադրբեջանական բնակչությունը: Եթե հետեւելու լինենք այդ տրամաբանությանը, ապա հարկ կլիներ անվավեր ճանաչել Ադրբեջանում կայացած բոլոր ընտրությունները, որտեղից էթնիկական զտումների հետեւանքով վտարվել է կես միլիոնանոց հայ բնակչություն: ԼՂՀ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունը գտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ հանրապետության բոլոր մակարդակների իշխանության մարմինների նախորդ ընտրությունները համապատասխանում են միջազգային նորմերին, որոնք ազատ ընտրությունների իրավունք են նախատեսում: Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում ժողովրդավարական գործընթացների զարգացումը եւ խորացումը թույլ կտա պայմաններ ստեղծել ամբողջ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության համարե: