Միջազգային

Եվրոպացիների մեծամասնությունը պաշտպանում է Եվրամիության ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր անդամ երկրների հաշվին Եվրամիության հետագա ընդլայնումը պաշտպանում է եվրոպացիների 46 տոկոսը, դեմ է 42 տոկոսը: Այդ մասին վկայում են Eurobarometer եվրոպական սոցիոլոգիական բյուրոյի կողմից անցկացված հարցման արդյունքները: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ այդ տարածաշրջանային կազմակերպությանն իրենց երկրների անդամակցությունը պաշտպանելու մասին հայտարարող Եվրամիության քաղաքացիների թիվը այսօր կազմում է 53 տոկոս: Ընդսմին եվրոպացիների միայն 33 տոկոսն է կարծիք հայտնել, որ Եվրամիությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում, իսկ իրենց երկրների վերաբերմամբ համանման տեսակետ ունի հարցման մասնակիցների 28 տոկոսը: Այն մասին, որ Եվրամիությունը ճիշտ ուղղությամբ չի ընթանում, հայտարարել է հարցվածների 33 տոկոսը, եւս 48 տոկոսը համոզված է այն պետությունների նկատմամբ այդ եզրակացության ճշմարտացիությանը, որոնց քաղաքացիներ են իրենք: Հարցման արդյունքների համաձայն, դրա մասնակիցների 48 տոկոսը վստահում է Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդարանին վստահում է 52 տոկոսը: Հարցվածների 68 տոկոսը հանդես է եկել ի պաշտպանություն Եվրամիության երկրների կողմից միասնական արտաքին քաղաքականություն վարելու այն դեպքում, երբ կազմակերպության համար պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր քաղաքականության անհրաժեշտության հարցում համոզված է հարցման մասնակիցների 75 տոկոսը: Հարցումը նաեւ ցույց է տվել, որ Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը՝ 48 տոկոսը, հավանություն չի տալիս միասեռ ամուսնությունների օրինականացմանը, իսկ հարցվածների 61 տոկոսը դեմ է հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը: Հարցումը ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվել է Եվրամիության 25 երկրներում: Ընդամենը հարցմանը մասնակցել է 29152 եվրոպացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում