Միջազգային

Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 28 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 28 տոկոսը: Այսպիսին են Սի Էն Էն հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են երկուշաբթի օրը: Սա ռեկորդային ցածր մակարդակ է այսօրինակ հետազոտությունների անցկացման ողջ ժամանակաշրջանում: Ընդսմին ավելի քան հազար հարցվածների 70 տոկոսը հայտարարել է, որ իրենք հավանություն չեն տալիս Իրաքի նկատմամբ Սպիտակ տան ղեկավարի գործողություններին: Դրա հետ մեկտեղ արտաքին ու ներքին քաղաքականության բնագավառում ամերիկյան վարչակազմի ղեկավարի աշխատանքը չի պաշտպանում ամերիկացիների 62 տոկոսը այն դեպքում, երբ հարցման մասնակիցների միայն 36 տոկոսն է հայտարարել, որ իրենք ընդհանուր առմամբ հավանություն են տալիս Բուշի գործունեությանը: Մեկ այլ հետազոտության տվյալների համաձայն, որը «Ռասմուսեն ռիփորթսե ընկերությունն անցկացրել է ԱՄՆ-ի հազար բնակիչների շրջանում, ավելի ու ավելի քիչ ամերիկացիներ են վստահ այն բանում, որ իրենց երկիրը հաղթանակ է տանում ահաբեկչության դեմ պայքարում: Այսպես, հարցվածների միայն 35 տոկոսն է գտնում, որ ահաբեկչության դեմ պատերազմում հաղթում է Միացյալ Նահանգները: Մինչդեռ 36 տոկոսը վստահ է, որ առավելությունն ահաբեկիչների կողմն է: Հարցման մասնակիցների եւս 25 տոկոսը գտնում է, որ այդ պատերազմում ոչ ոք չի հաղթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում