Հայաստանի պատվիրակությունն Աստանայում մասնակցել է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության տարեկան նիստերին
1 րոպեի ընթերցում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության 2026 թվականի նիստերին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:
«Նիստերի ընթացքում քննարկվել է առաջիկա տարիներին բյուջեն, ինչպես նաև Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունում նոր մարտահրավերի դեմ պայքարի միջոցները, մարզիկների առավել «մաքուր» պահելու հարցը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակադոպինգային կազմակերպության WADA-ի հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` անդրադարձ է եղել նաև Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության նախագահի ու փոխնախագահների ընտրություններին:
Աստանայում նոյեմբերի 25-26-ը տեղի են ունեցել WADA-ի գործադիր կոմիտեի և հիմնադրամի խորհրդի նիստերը։
Եվրոպան WADA-ի գործադիր կոմիտեում ներկայացնում է Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Մատվեյ Բիդնին, իսկ հիմնադրամի խորհրդում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգան, Ռումինիայի պետքարտուղար Կոնստանտին-Բոգդան Մատեին և Հունաստանի սպորտի հարցերով փոխնախարար Իոաննիս Վրուցիսը։