Վենետիկում անցկացվել է Հայագիտական կենտրոնների մասնակցությամբ 3-րդ խորհրդաժողովը
10 րոպեի ընթերցում
Իտալիայի Վենետիկ քաղաքում նոյեմբերի անցկացվել է հայագիտական կենտրոնների 3-րդ խորհրդաժողովը՝ «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով։ Քննարկվել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման, միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման և հայագիտության կայուն զարգացման հեռանկարները։
Խորհրդաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության, Կա’ Ֆոսկարի համալսարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍՆ պատվիրակության անդամներ, ՀՀ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև արտերկրի համալսարաններում գործող 9 հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
Բացումը տեղի է ունեցել Կա’ Ֆոսկարի համալսարանում․ ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Համազասպ Քեշիշյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Խորհրդաժողովի նպատակն էր ամրապնդել հայագիտական կենտրոնների միջև մասնագիտական կապերը, խթանել փորձի փոխանակումը, նախանշել համագործակցության նոր ուղղություններ և ձևավորել հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։
Հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման նոր մոտեցումներ
Խորհրդաժողովի առաջին օրը՝ նոյեմբերի 23-ին, Կա’ Ֆոսկարի համալսարանում անցկացվել են երեք հիմնական նիստեր, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հայագիտական կենտրոնների կառավարման և համակարգման արդյունավետ մեխանիզմներին, գործունեության որակի ապահովմանն ու գնահատմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական մոտեցումներին։
Զեկույցներով հանդես են եկել ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը՝ առցանց ձևաչափով։
Ներկայացվել են նաև արտերկրի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության փորձը, իրականացվող ծրագրերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
Քննարկումների առանցքում եղել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման միասնական մեխանիզմների ձևավորումը, հայագիտական ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացումը, որակի ապահովման և արդյունքների գնահատման գործիքների մշակումը, ինչպես նաև կենտրոնների միջև տեղեկատվության և մասնագիտական ռեսուրսների փոխանակման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայագիտական կենտրոնների գործունեության շարունակականության ապահովմանը, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ընդլայնմանը և միջազգային դրամաշնորհային ծրագրերում համատեղ մասնակցության մեխանիզմների ձևավորմանը։
ՀՀ բուհերի և արտերկրի հայագիտական կենտրոնների համագործակցության հեռանկարները
Խորհրդաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, աշխատանքները շարունակվել են Մխիթարյան միաբանությունում՝ Հայր Համազասպ Քեշիշյանի ողջույնի խոսքով։ Քննարկումները վերաբերել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության զարգացմանը, համատեղ կրթական ու գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, դասախոսների և ուսանողների ակադեմիական շարժունության խթանմանը, ինչպես նաև գիտական և կրթական ռեսուրսների փոխանակմանը։
Զեկույցներով հանդես են եկել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը։
Քննարկվել են Հայաստանի բուհերի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման, համատեղ կրթական ծրագրերի մշակման, հետազոտական նախագծերի իրականացման, գիտական հրապարակումների և հրատարակչական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև հայագիտական գիտելիքի և հետազոտական ռեսուրսների հասանելիության ընդլայնմանը, թվային գրադարանների ու գիտական շտեմարանների զարգացմանը, ինչպես նաև նոր սերնդի հետազոտողների ներգրավմանն ու հայագիտական կրթության շարունակականության ապահովմանը։
Շրջայց Մխիթարյան միաբանությունում
Խորհրդաժողովի աշխատանքներն ամփոփվել են Մխիթարյան միաբանությունում կազմակերպված շրջայցով։ Մասնակիցները ծանոթացել են միաբանության հարուստ պատմամշակութային ժառանգությանը, հայագիտական գործունեությանը և հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդին։
Ամփոփիչ խոսքով հանդես է եկել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ կարևորելով հայագիտական կենտրոնների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը, միջազգային ակադեմիական կապերի ընդլայնումը և հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Ամփոփում և ձեռք բերված պայմանավորվածություններ
Խորհրդաժողովի ընթացքում մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման արդյունքում առանձնացվել են հայագիտության զարգացմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, և ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։
Մասնավորապես՝
· Կարևորվել է հայագիտության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը, որը կսահմանի ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները։
· Պայմանավորվածություն է ձեռք բերվել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թվային միասնական հարթակի ստեղծման շուրջ։ Հարթակը կնպաստի տեղեկատվության փոխանակմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
· Վերահաստատվել է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև կրթական և գիտահետազոտական համագործակցության զարգացման կարևոր գործիք։
· Կարևորվել են հայագիտական կենտրոնների միջև համատեղ գիտակրթական նախաձեռնությունների ակտիվացումը, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության ընդլայնումը և ակադեմիական շարժունության հնարավորությունների զարգացումը։
Վենետիկում անցկացված Հայագիտական կենտրոնների 3-րդ խորհրդաժողովը կարևոր հարթակ է դարձել Հայաստանի և արտերկրի հայագիտական հաստատությունների միջև համագործակցության խորացման, միջազգային ակադեմիական կապերի ամրապնդման և հայագիտության՝ որպես համաշխարհային գիտակրթական միջավայրում Հայաստանի մտավոր ու մշակութային ներկայությունը ներկայացնող կարևոր ուղղության զարգացման համար։
Խորհրդաժողովի ընթացքում ձևավորված մասնագիտական երկխոսությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հայագիտական կենտրոնների միջև երկարաժամկետ և համակարգված համագործակցության զարգացմանը։
Հանդիպում Կա’ Ֆոսկարի համալսարանում
Վենետիկ կատարած այցի շրջանակում կայացել է նաև հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի և Կա’ Ֆոսկարի համալսարանի պրոռեկտոր Լաուրա դե Ջորջիի հետ:
Քննարկվել են Հայաստանի բարձրագույն ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ հայագիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի, ակադեմիական շարժունության և համատեղ գիտական նախաձեռնությունների ուղղություններով։
Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Համազասպ Քեշիշյանը, Կա’ Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ֆակուլտետի դեկան Ատտիլիո Անդրեինը, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը և միջազգային կապերի բաժնի պատասխանատու Ռաֆֆաելե Ռայոնենը: