Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ
2 րոպեի ընթերցում
Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ Փհենյանում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կշարունակվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ կապերը կպահպանվեն Պեկինում Շվեյցարիայի դեսպանության, ինչպես նաև Բեռնում Հյուսիսային Կորեայի դեսպանության միջոցով։
«Գրասենյակի փակումը կասկածի տակ չի դնում Շվեյցարիայի և Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Շվեյցարիան կշարունակի երկխոսությունը դիվանագիտական ուղիներով», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկվում Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեի՝ Պեկինում Շվեյցարիայի դեսպանություն վերադառնալու համար։
Նոյեմբերի 25-ին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Աստիեին անցանկալի անձ ճանաչելու և 48 ժամվա ընթացքում երկիրը լքելու պահանջի մասին։ Փհենյանը նրան կանչել էր ԱԳՆ և պահանջել փակել դիվանագիտական գրասենյակը։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ այդ որոշումը պատասխանն էր Շվեյցարիայի կողմից Songdowon միջազգային մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Փհենյանը դա որակել էր որպես բացահայտ թշնամական գործողություն։
Արևմտյան երկրների պնդմամբ՝ ճամբարը ներգրավված է եղել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից երեխաների տեղափոխման գործընթացում։
Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայի՝ Փհենյանում իր դիվանագիտական գրասենյակը վերաբացելուց մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց։
Շվեյցարիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի հակասում բոլոր երկրների հետ երկխոսությունը պահպանելու իր հանձնառությանը։