Թրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին նոր մաքսատուրքեր սահմանելու նախաձեռնությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների 14 խոշոր առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի, Ճապոնիայի և Եվրամիության նկատմամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ԱՄՆ վարչակազմն առաջարկել է սահմանել 20-40 տոկոս առավելագույն մաքսատուրքեր՝ ի պատասխան, իր պնդմամբ, այդ երկրների կողմից խրախուսվող արդյունաբերական խոշոր արտադրական հզորությունների։ Միաժամանակ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը (USTR) հայտարարել է, որ մտադիր է նոր մաքսատուրքերի չափը սահմանափակել ավելի ցածր դրույքաչափերով, որոնք համաձայնեցվել են արդեն կնքված կամ դեռ բանակցվող առևտրային գործարքների շրջանակում։

Առանձին նախաձեռնությամբ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչն առաջարկել է 10 տոկոս մաքսատուրք սահմանել բրազիլական Embraer ընկերության արտադրած քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար, ինչպես նաև բարձրացնել Բրազիլիայից սահմանված քվոտան գերազանցող շաքարի ներմուծման մաքսատուրքերը։

Նշված ապրանքները նախկինում ազատված էին բրազիլական ապրանքների նկատմամբ հուլիսին սահմանված 25 տոկոս մաքսատուրքերից։ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի խոսքով՝ մաքսատուրքերի բարձրացման առաջարկը ներկայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Բրազիլիայի միջև ամիսներ շարունակվող բանակցություններում «էական առաջընթաց չի գրանցվել»։

Արդյունաբերական գերարտադրական հզորությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանի համար մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը կկազմի 20 տոկոս։ Այն կգումարվի Թրամփի առաջին նախագահության օրոք սահմանված՝ շուրջ 25 տոկոս կազմող մաքսատուրքերին։

Այս դրույքաչափը համապատասխանում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հրադադարի պայմանավորվածություններին, որոնց գործողության ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին։ Եթե համաձայնությունը չպահպանվի, Չինաստանի նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափը կարող է հասնել 40 տոկոսի։

Գրիրը նաև նշել է, որ առաջարկվող մաքսատուրքերը չեն տարածվի Չինաստանից ներմուծվող շուրջ 30 միլիարդ դոլարի ապրանքների վրա, որոնց մաքսատուրքերի նվազեցման հարցը քննարկվում է երկկողմ մեխանիզմի՝ Առևտրի խորհրդի շրջանակում։

Վիետնամի նկատմամբ առավելագույն դրույքաչափը կկազմի 20 տոկոս՝ Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի կնքման դեպքում, իսկ բանակցությունների ձախողման պարագայում այն կարող է բարձրանալ մինչև 35 տոկոս։

ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի առաջարկի համաձայն՝ Կամբոջայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Թաիլանդից և Բանգլադեշից ներմուծվող ապրանքների համար առավելագույն մաքսատուրքը կկազմի 18 տոկոս։ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի, Եվրամիության և Շվեյցարիայի դեպքում այն կկազմի 15 տոկոս՝ ներառյալ արդեն գործող մաքսատուրքերը։

Հնդկաստանի նկատմամբ, որը դեռևս առևտրային համաձայնագիր չի կնքել Թրամփի վարչակազմի հետ, մաքսատուրքի դրույքաչափը կկազմի 17 տոկոս՝ համաձայնագրի կնքման դեպքում, իսկ բանակցությունների ձախողման պարագայում՝ 25 տոկոս։ Հնդկաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի ծանուցումը՝ հավելելով, որ հետաքննության ընթացքում Վաշինգտոնին տեղեկացրել է, որ երկրի որևէ ոլորտում արդյունաբերական գերարտադրական կառուցվածքային հզորություններ չկան։

Նախարարության հայտարարության համաձայն՝ Հնդկաստանը հետաքննության ողջ ընթացքում կառուցողական համագործակցություն է ցուցաբերել։ Միաժամանակ ընդգծվել է, որ առևտրի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։

Սինգապուրի համար առաջարկվել է առավելագույնը 10 տոկոս մաքսատուրք։

Հայերեն English