2 րոպեի ընթերցում
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նախօրեին ստորագրել է օրենք, որը հինգ տարով արգելում է նահանգում արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված ներկառուցված կամ ինտեգրված չաթբոտերով խաղալիքների արտադրությունը, տարածումն ու վաճառքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հաղորդվում է նահանգապետի պաշտոնական կայքում։
Արգելքը, ի թիվս այլոց, տարածվում է փափուկ խաղալիքների, տիկնիկների և ռոբոտների վրա, որոնք երեխաների հետ հաղորդակցվելու համար օգտագործում են համացանցը։ Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր անց, սակայն Հոքուլը ծնողներին կոչ է արել արդեն իսկ մտածել նման նվերներ գնելու հետ կապված ռիսկերի մասին։
«Ծնողները, որոնք նվերներ են ընտրում այս տոների կամ որևէ այլ առիթի համար, չպետք է անհանգստանան, որ խաղալիքների քողարկման տակ հանդես եկող վտանգավոր չաթբոտերը կարող են երեխաներին ներգրավել անպատշաճ զրույցներում, շահարկել նրանց զգացմունքները կամ վտանգել նրանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը»,- նշել է նահանգապետը։
Մի շարք խաղալիքների ստուգման ընթացքում դաշնային իշխանությունները պարզել են, որ դրանցից որոշները մանրամասն քննարկել են սեռական բնույթի հարցեր, երեխաներին հուշել, թե տան որ հատվածում կարելի է լուցկի գտնել, ինչպես նաև հիասթափություն արտահայտել, երբ երեխան ստիպված է եղել հեռանալ։ Դրանցից որոշները կարող են նաև ձայնագրել երեխայի ձայնը կամ սկանավորել նրա դեմքը։