Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները հաջորդ տարվա սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարն այս հայտարարությունն արել է նոյեմբերի 25-ին՝ Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում։

«Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իմ այցերի ընթացքում հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն ծանոթանալու երկրի տնտեսական զարգացման տպավորիչ փորձին, ներդրումային միջավայրին և պետական ու մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության մոդելներին։ Կարևորում ենք նաև Հայաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացումը։ Հաջորդ տարվա սկզբին նախատեսվող՝ կառավարությունների փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նոր ինստիտուցիոնալ հիմք կստեղծի պետական կառավարման արդյունավետության բարձրացման, լավագույն փորձի փոխանակման և կառավարման նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ մեր համագործակցության հետագա զարգացման համար»,– ասել է Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրվել է շուրջ 30 կարևոր փաստաթուղթ։ Նա կարևորել է նաև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի աշխատանքը։

«Մինչ օրս անցկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի երկու նիստ։ Համոզված եմ, որ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունն ու պարբերական հանդիպումները կարևոր խթան կհանդիսանան համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, առկա խոչընդոտների հասցեագրման և կոնկրետ համատեղ նախաձեռնությունների առաջմղման համար»,– նշել է նա։

Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան իր խոսքում նույնպես կարևորել է ինստիտուցիոնալ համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

«Այս ամենի հիմքում մեր երկու երկրներին միավորող առանձնահատուկ պատմական հարաբերություններն են, ինչպես նաև ինստիտուցիոնալ համագործակցությունը, որի առաջնային ուղղություններից են փորձի փոխանակումը, նորարարական լուծումների մշակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերությունների շրջանակի ընդլայնումը։ Այս աշխատանքը ծառայում է մեր ընդհանուր շահերին, նոր հեռանկարներ է բացում երկու երկրների մասնավոր հատվածի համար և նպաստում մեր երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների բարգավաճմանը»,– ընդգծել է դեսպանը։

Հայերեն English

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

Արարատի մարզում ապօրինի գործող ձկնաբուծարան է կնիքվել. երկու անձ ձերբակալվել է

Դենիս Ջորկաեֆն ընդունել է «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերը

Փլուզման վտանգի պատճառով դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Երևանի արևելյան մուտքի հատվածում տնկվել է 350 ծառ և 350 թուփ