Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին 10 ամիսներին աճել է 1.2 տոկոսով
2 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.2 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 705.5 մլն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1.7, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ կրճատվել է 12.3 տոկոսով: Հոկտեմբերին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 711.5 մլն դոլար:
Արտահանումը տարվա առաջին 10 ամիսներին 10 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլրդ 731.7 մլն դոլար: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 2.1 տոկոսով աճ, իսկ 2025 թվականի հոկտեմբերի համեմատ՝ կրճատվել է 25.4 տոկոսով: Հոկտեմբերին Հայաստանից արտահանումը գնահատվել է 560.9 մլն դոլար:
Ներմուծումը հունվար-հոկտեմբերին 8.2 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 10 մլրդ 973.8 մլն դոլար: Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, աճել է 1.6, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ կրճատվել է 4.1 տոկոսով: Հոկտեմբերին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 150.6 մլն դոլար:
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-հոկտեմբերին եղել է 370.34, իսկ հոկտեմբերին՝ 361.55 դրամ: