Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
2 րոպեի ընթերցում
Կայացել են Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից, խորհրդակցություններն անցկացվել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի ու Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի փոխնախարար Սաուդ բին Մուհամմադ Ալ֊Սաթիի գլխավորությամբ:
Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում ստորագրված՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի իրականացումը և ձևաչափով պարբերական շփումների շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: Քաղաքական հարաբերությունների և տնտեսական գործակցության խորացման համատեքստում քննարկվել է դիվանագիտական ներկայացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:
Գոհունակությամբ նշվել է 2023 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համեմատաբար կարճ ժամանակահատվածում երկու երկրների միջև շփումների զգալի ակտիվացումը։ Անդրադարձել է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացիկ զարգացումներին և բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։