2 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին նոյեմբերի 30-ին դատարանի առջև կկանգնի հանցավոր համաձայնության գալու վերաբերյալ նոր մեղադրանքներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Քրեական գործն առնչվում է գործարար Զիադ Թակյեդինի՝ սեփական ցուցմունքներից հրաժարվելու դրվագին։ Թակյեդինը գլխավոր վկան է դատավարության, որը վերաբերում է նախկին նախագահի 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը Լիբիայից ստացված միջոցներով։
Ըստ լրատվամիջոցի, Սարկոզիի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն նրա կինը՝ Կառլա Բրունին և հայտնի հասարակական գործիչ Միմի Մարշանը, որոնք մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում խարդախություն նախապատրաստելու նպատակով հանցավոր համաձայնության գալու, ինչպես նաև վկաներին կաշառելու հանգամանքը թաքցնելու համար։
2020 թվականի նոյեմբերին Զիադ Թակյեդինը, որը միջնորդ է եղել Լիբիայի իշխանությունների և Ֆրանսիայի նախկին նախագահի նախընտրական շտաբի միջև, հարցազրույցի ընթացքում հրաժարվել էր Սարկոզիի հասցեին նախկինում իր հնչեցրած մեղադրանքներից։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերին գործարարը մահացել էր։
Քննության վարկածով՝ հենց Սարկոզին է կազմակերպել Թակյեդինի՝ սեփական ցուցմունքներից հրաժարվելու գործընթացը։ Բրունիին և Մարշանին ներկայացվել է հանցակցության մեղադրանք։ Ենթադրվում է, որ նրանք փորձել են մոլորեցնել արդարադատության համակարգը և խարդախ սխեմաների միջոցով հասնել նախկին նախագահի արդարացմանը։
Սարկոզիի գործով հետաքննությունը ընթանում է 2012 թվականից, երբ Mediapart-ը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ Լիբիայի իշխանությունները 50 մլն եվրո են փոխանցել Սարկոզիի նախագահական արշավի կազմակերպմանը։ 2018-ին նախկին նախագահին ներկայացվել էին կոռուպցիայի, նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման և լիբիական պետական միջոցների վատնումը թաքցնելու մեղադրանքներ։