ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
3 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից, Աբիսողոմոնյանն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։
Անդրադառնալով միջազգային անվտանգության առկա մարտահրավերներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՔԶԱԿ-ի կարևոր դերակատարությունը զինաթափման գլոբալ ռեժիմի պահպանման գործում՝ նշելով, որ Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային զինաթափման և չտարածման համակարգի հիմնասյուներից է։ Այս համատեքստում կարևորվել է մասնակից պետությունների միջև փոխադարձ վստահության, թափանցիկության և կառուցողական համագործակցության ամրապնդումը:
Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև նոր և զարգացող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և քիմիական գիտությունների առաջընթացին՝ ընդգծելով դրանց պատասխանատու և խաղաղ նպատակներով կիրառման կարևորությունը, նաև հնարավոր չարաշահումների կանխարգելման ուղղությամբ միջազգային գործակցության անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է նաև քիմիայի խաղաղ կիրառության խթանման, միջազգային գիտական գործակցության և մասնակից պետությունների գիտատեխնիկական ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարևորությունը։ Այս համատեքստում բարձր է գնահատվել ՔԶԱԿ-ի՝ ՔիմՏեք կենտրոնի գործունեությունը՝ որպես գիտական հետազոտությունների, նորարարության, գիտելիքների փոխանակման և տեխնիկական կարողությունների զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվել է նաև կենտրոնին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը:
ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության և աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքների վրա՝ ընդգծելով մասնակից պետությունների միջև կառուցողական երկխոսության և փոխհամաձայնության ձևավորման անհրաժեշտությունը։