Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու
2 րոպեի ընթերցում
Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բուխարեստը լիակատար աջակցություն կցուցաբերի Երևանին՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկուլեսկուն նաև ընդգծել է, որ «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների գործակցության պատմության մեջ նոր էջ է բացում։
«Երբ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև հարաբերությունների սերտացման, նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, դուք կարող եք, այո՛, ակնկալել, որ կունենաք Ռումինիայի ամբողջական աջակցությունը: Մենք հասկանում ենք՝ ինչ դժվար է այդ գործընթացը:
Մենք նաև խոսել ենք ընթացիկ այլ հարցերի, օրինակ՝ անվտանգության թեմաների մասին։ Այս շրջանակում ևս վերահաստատել եմ մեր աջակցությունը: Նաև շնորհակալ եմ, որ մեզ աջակցելու պատրաստակամություն եք հայտնել, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի մեր թեկնածության հետ կապված»,- ասել է Ռումինիայի վարչապետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը նոյեմբերի 24-ին Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։