4 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում այսօր կմեկնարկեն ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
«Մեծագույն պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, ինչը, հիրավի, պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։
Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում այսօր կմեկնարկեն ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը բեկումային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրվա աննախադեպ իրողությունների հաստատման համար։
Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ և մասնակցությամբ իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևած հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։
Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի, թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։ Բացի Ադրբեջանի և այդ երկրի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար կապելու, և Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից, ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով տրանսկասպյան առևտրային երթուղուն և արևմուտք-արևելք կապակցվածությանը։
Խաղաղությունից զատ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական առաջխաղացման գործում, էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության՝ կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։
Այսօր մեր աչքի առջև կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։