Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է, որ Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական ջանքերը
2 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նոյեմբերի 23-ին հայտնել է, որ պատերազմը կարգավորելուն ուղղված Պակիստանի և Կատարի ջանքերը շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մեղադրելով Վաշինգտոնին «անլուրջ» լինելու մեջ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչել «մյուս կողմի իրավունքները, մինչդեռ դիվանագիտությունը դիրքորոշումների արդար փոխանակում է»։
«Սակայն միջնորդները՝ մասնավորապես Պակիստանը, ինչպես նաև Կատարը, շարունակում են իրենց ջանքերը, քանի որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Եվ հենց սա էլ միջնորդների էությունն է. ցանկացած հանգամանքներում նրանք շարունակում են իրենց ջանքերն ու ծառայությունները»,- հավելել է նա։
Բաղայիի խոսքով՝ Իրանը կարող է արագորեն վերականգնել անվտանգությունը Հորմուզի նեղուցում, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները։
Նա նաև նշել է, որ Թեհրանը «կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները»՝ հակազդելու Վաշինգտոնի կողմից իրականացվող ծովային շրջափակմանը։
«Այն, ինչի մասին խոսվում է որպես տնտեսական և ծովային շրջափակում, անկասկած, Իրանի դեմ ռազմական ագրեսիայի օրինակ է»,- ասել է նա։
Անդրադառնալով Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին՝ Բաղային շեշտել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները «զրկել են պայմանագիրն իրական բովանդակությունից»։
«Իրանում ներքին քննարկումներ են այն մասին, թե արդյոք ներկայիս պայմաններում արժե մնալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ»,- ասել է նա՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Թեհրանը «շարունակում է մնալ պայմանագրի անդամ և հավատարիմ է դրա դրույթներին»։
«Պայմանագրից դուրս գալու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի կայացվել»,- հավելել է նա։